Ադրբեջանի ճիգերն ակնհայտ են հաքերային տիրույթում. Սամվել Մարտիրոսյան
«Ապրիլից առ այսօր ադրբեջանական պետական քարոզչական մեքենան գրեթե սառեցված էր: Պատճառները շատ պարզ էին. նրանք չէին կողմնորոշվում՝ որ կողմ տանել քարոզչական թեզերը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՏ անվանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ադրբեջանն այս ողջ ընթացքում ուներ շատ խնդիրներ, սակայն հիմա իրավիճակն ուրիշ է: Կա ավելի հանդարտ վիճակ: Ադրբեջանը պատկերացնում է՝ տեղեկատվական դաշտի որ թիրախներին խփի: Մի կողմից կարելի է նկատել ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի կողմից վճարված հոդվածներ, մյուս կողմից՝ սահմանագծին առկա իրավիճակը: Անընդհատ փորձ է արվում գրգռել հասարակությանը, նույն այդ հանրությանը նախապատրաստել պատերազմի»- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում նույնիսկ զորավարժություններ են գովազդվում՝ ներազդելու ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական կողմի վրա՝ ընդհուպ մամուլով իրենց հանրությանը ներկայացնում են, որ Նախիջևանում տարածքներ են «վերցրել»:
«Ադրբեջանական կողմը փաստացի կարողացավ այս լուրերով «կերակրել» նաև հայաստանյան հասարակության մի հատվածին: Ադրբեջանի ՊՆ-ն շատ ակտիվ է, անընդհատ ինչ-որ տեսանյութեր են պատրաստվում, սոցցանցերում մեծ թվով ֆեյք ադրբեջանական էջեր կան: Խաղաղ ժամանակներում սա այնքան էլ վտանգավոր չէ. Բայց եթե սահմանին ռեալ սրացում լինի, թվիթերը թույլ կտա ռեալ ժամանակում որոնել որոշ հակահայ հեշթեգեր և գրառումներ:
Ադրբեջանի ճիգերն ակնհայտ են, նրանք ակտիվացել են նաև հաքերային տիրույթում: Վատն այն է, որ տուժում են նաև հայաստանյան տուրիստական էջեր: Մտահոգիչ է, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են թափանցել պետական համակարգ, քանի որ երկար ժամանակ նրանք չէին կարողանում պետական կառույցների պաշտոնական կայքէջեր կոտրել: Ադրբեջանը վերջին մեկ տարում սկսել է ձևավորել պետական հաքերային միավորներ»,- ամփոփեց Սամվել Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան