«Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլև հրաշալի հայ». Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլև հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:
Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաև դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:
Նշելով, որ արվեստը ամենազորավոր և ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները և պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։