Հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գինը նվազել է 26.5%, մրգինը՝ 16.1%-ով
2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 26.5% գնանկումը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 22.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 26.5% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 30.7-20.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 25.4%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ մրգի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 16.1%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մրգի 7.4-2.5% գնանկում (մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.5%-ով), իսկ 6-ում՝ 1.0-7.2% գնաճ:
Այսպիսով, 2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.5 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում