Հայաստանում փակ ցուցակները հանգեցնելու են «մարդ-կուսակցություն» հասկացությանը. Դավիթ Հարությունյան
Այսօր ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:
Նա նկատեց, որ այս հարցը երկար քննարկվել է, և կանդրադառնա միայն ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի այն դիտարկմանը, որ ռեյտինգայինի դեպքում կունենանք երևանյան ցուցակ, և մարզային թեկնածուներ չեն լինի:
«Կուսակցություններն իրենք պետք է շահգրգռված լինեն, որ իրենց ցուցակներում ընդգրկված լինեն մարզային թեկնածուներ, որովհետև եթե մի կուսացություն իր ցուցակում միայն մայրաքաղաքից թեկնածուներ ընդգրկի, ապա կլինեն նաև այնպիսի կուսակցություններ, որորոնք մարզային թեկնածուներ կընդգրկեն, և այդ առումով ավելի մրցունակ կլինեն»,-նշեց պատգամավորը։
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ինքը համակարծիք չէ հնչած տեսակետի հետ: «Իմ մտահոգությունն այն է, որ եթե չերաշախավորենք մանդատներ տարածքների համար, մենք չենք ունենա տարածքային ներկայացուցչություն:
Եթե մենք արհեստածին արձանագրենք, որ մարզից ցուցակում լինի, դա չի աշխատի: Առաջինը պետք է մեխանիզմ ունենալ, որ խթանի կուսակցություններին տեղերում ունենալ քաղաքական կազմակերպություններ: Կարող ենք քննարկել միջանկյալ տարբերակ, մեծացնել ծավալը, բայց անցնել միասնական ցուցակի՝ անգամ բաց, ես այստեղ մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը»,-նշեց բանախոսը՝ նկատելով, որ ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ապա այստեղ ինքն ավելի մեծ մտավախություն ունի:
«Ժողովրդավարական շատ երկրներում քաղաքականությունը սկսել է վերանալ, և պատճառը շատ հաճախ հենց փակ ցուցակն է: Մեր երկրում փակ ցուցակը ի վերջո հանգեցնելու է «մարդ կամ վերնախավ կուսակցություն» հասկացությանը, որովհետև փակ ցուցակի հիմնական հարց լուծողները լինելու են առաջին հինգ, տասը անդամները, մնացածները որևէ դերկատարություն չեն ունենալու: Այն «պարավոզը», որի պոչից բերելու է ցուցակը, կլինի նահանջ ժողովրդավարությունից»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ բաց ցուցակներով քվեարկության գաղափարից չպետք է իսպառ հրաժարվել: «Հասկանանք՝ ինչ խնդիր ենք լուծում, բանավիճենք, բայց հընթացս չփակենք հարցը, հնարավոր է միջանկյալ տարբերակներ, որոնք շատ են»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նկատեց, թե համամասնականի տրամաբանությունն այն է, որ մարդիկ ընտրում են կուսակցություն: Ըստ նրա՝ բաց համամասնականը շատ ավելի ճիշտ տարբերակ է։ «Շատ ավելի ժողովրդավարական է»,-հաոզմունք հայտնեց դաշնակցական գործիչը։
Ինչ վերաբերում է անձի կարևորությունը նշելուն, ապա, Ռուսաստամյանի խոսքով, դրա լավագույն ձևը մեծամասնականն էր, որ կունենար կոնկրետ պարտավորություն, բայց պրակտիկան, նրա խոսքով, ցույց տվեց, որ ՀՀ-ի դեպքում չի աշխատում, և ընտրողը 5 տարի այդ մեծամասնականով ընտրված պատգամավորին չի տեսնում:
«Ելքի» ներկայացուցիչ Գեորգի Դոխոյանն էլ կարծիք հայտնեց, որ վարկանիշային ընտրակարգի կամ մեծամասնական ընտրակարգի դեպքում ստացվում է, որ ցուցակում կա էլիտա, մնացածին էլ ասում են՝ գնացեք, մեզ համար ռեյտինգով ձայն բերեք:
Դավիթ Հարությունյանն ի պատասխան նկատեց, որ կարելի է քննարկել էլիտայի տոկոսը նվազեցնելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Մարզերից պատգամավորների առկայությունը ԱԺ-ում չի նպաստել մարզերի զարգացմանը. Սպարտակ Սեյրանյան
- Որևէ գործ քննելու հետ կապված մտավախություն չեմ կարող ունենալ. Դավիթ Հարությունյան
- «Ելք»-ն առաջարկում է փոխել քաղաքացիներին ընտրությունների մասին ծանուցելու կարգը
- Ոչ մի տրամաբանություն չկա իրար խառնել ծանր և թեթև քաշայիններին և ասել՝ բանավիճեք. Դավիթ Հարությունյան
- Այդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է գնալ մեկ նախագծով. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան