Ոչ մի տրամաբանություն չկա իրար խառնել ծանր և թեթև քաշայիններին և ասել՝ բանավիճեք. Դավիթ Հարությունյան
«Ելք» դաշինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում առաջարկում է զորամասերում առանց անցագրային կամ գաղտնիության ռեժիմի փոփոխման՝ ապահովել հավասար քարոզչական պայմաններ, այսինքն՝ կուսակցությունները տպագրած քարոզչական միջոցները հանձնեն ՊՆ-ին, որտեղից էլ այդ նյութերը կբաշխվեն զորամասերով։
«Սա անհրաժեշտ է, որպեզի զինծառայողները ևս ծանոթ լինեն կուսակցությունների գործունեությանը, ծրագրերին, թիմին և կարողանան գիտակցված ընտրություն կատարել»,- ասաց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը։
ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ ներկա օրենսդրությունն արգելո՞ւմ է դա անել։
«Գործող օրենսգիրքը դա թույլ է տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ պրակտիկան պետք է ներդնել նաև ազատազրկման վայրերի, հիվանդանոցների համար։
Լենա Նազարյանի խոսքով, իրենց հաջորդ առաջարկը վերաբերում է ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով պարտադիր բանավեճերի կազմակերպմանը, ինչպես նաև անվճար եթերաժամերի ավելացմանը։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հետաքրրքվեց՝ ի՞նչ է նշանակում բանավեճերի պարտադիր կազմակերպում։
«Պատկերացրեք՝ 10 կուսակցություն որոշել են մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սա ենթադրում է միաժամանակ 10 կուսակցությունների միջև բանավե՞ճ։ Եթե այո, ապա դա ամենաանարդյունավետ մեխանիզմն է։ Կարծում եմ՝ այս ֆորմատը վատ կաշխատի։
Առաջարկում եմ նախատեսել հետևյալը. Ցանկացած քաղաքակն ուժ, եթե պայմանավորվում է բանավեճի մասին, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դա։ Իսկ կարգավորումները, թե քանի անգամ պետք է ապահովի, ինչ ժամաքանակով, հավասարությունն ինչ ձևով պետք է արվի, կարելի է կարգավորել օրենսդրական նախաձեռնությամբ։ Ոչ մի տրամաբանություն չկա ստանդարտ օրենսդրական կարգավորում մտցնել և բերել իրար խառնել ծանր, միջին և թեթև քաշայիններին և ասել՝ մի հատ բանավիճեք, տեսնենք՝ ինչ է ստացվում»,- ասաց նա։
Հաջորդ առաջարկը վերաբերում էր անձը հասատատող անվավեր փաստաթղթով ընտրությունն արգելելուն: Ըստ Նազարյանի՝ 200 000 անուն այդպիսով ընտրողներիկ ցուցակից դուրս կհանվի, կկանխեն արտերկրում գտնվողների փոխարեն քվեարկությունները: Ըստ նրա՝ փոխարենը լրացուցիչ ցուցակներ կլինեն, եթե անձը ներկայանում է, արդեն տրվեն վավեր անձնագրեր:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ դեմ է մարդուն ի սկզբանե քվեարկողների ցուցակից հանելու մոտեցմանը: Նրա համոզմամբ, Կառավարության պարտականությունն է մաքրել ցուցակները։ «Կառավարությունը դռնեդուռ պետք է արշավ անի, որ մինչև ցուցակից հանելը համոզվի, որ մարդիկ երկրում չեն: Դա հեշտ իրականալի հարց է, բարդ չէ»,-ասաց նա: