Սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնանկում. ԱՎԾ
2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում:
2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 97.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%: 2018թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% հավելաճ):
Ըստ վիճակագրության՝ 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 98.4%, ոչ պարենային ապրանքներինը`105.3%, ծառայությունների սակագներինը` 101.4%, իսկ հունվար-հունիսին 2017թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.1%, 104.8% և 101.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով: