Չստեղծեցինք մի Սահմանադրություն, որն ամբողջությամբ կիրառելի կլինի կյանքում. Կիմ Բալայան
«Պատճառն ի՞նչ է, որ այսօր Սահմանադրության օրն է, բայց մեր հանդիպումը սկսվեց առանց միմյանց շնորհավորելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպիսի հարցադրումով սկսեց Սահմանադրական Դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը:
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ մեր Սահմանադրությունը կյանքի ուղեկից չի դարձել.
«Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները, հատկապես մարդու, մեծամասամբ չեն աշխատում: Սահմանադրության մեջ չեն ամրագրվել այնպիսի սկզբունքային հարցեր, որոնք պետք է հավասարակշռեին ամբողջ իշխանությունը: Այսօր դատական իշխանությունը ձևավորվում է բացառապես քաղաքական մարմնի կողմից: ՍԴ անդամներին և Վճռաբեկ դատարանին ընտրում է Ազգային ժողովը, հետևաբար ինչպե՞ս կարող է դատական իշխանությունը անկողմնակալ ու Սահմանադրության հավատարիմ լինել»:
Բալայանը մասնրամասնեց, որ ՍԴ անդամներին ԱԺ-ն ընտրում է 12 տարի ժամկետով, 40 տարեկանից հետո միայն անձը կարող է ընտրվել ՍԴ անդամ. «Հարց է առաջանում, ընտրվելուց հետո 52-53 տարեկանում ավարտում է իր լիազորությունները, ինչ պետք է անի: Թոշակի տարիք չէ, պետք է գնա աշխատելու, որտեղ պետք է աշխատի, կամ այլ դատական համակարգ, կամ գործադիր իշխանություն, այսինքն ստացվում է, որ սահմանադրորեն մենք որոշել ենք, որ ՍԴ անդամը պետք է կախյալ վիճակում լինի գործադիր իշխանությունից: Ստացվում է, որ այն անդամը, որը ղեկավարվի միայն Սահմանադրությամբ՝ տեղ չի ունենա ոչ դատական, ոչ գործադիր իշխանության մեջ»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է կիրառվում այսօրվա Սահմանադրությունը, նա նշեց, որ իշխում է սովետական մտածելակերպը՝ մի բան գրում են, մեկ այլ իրողության մեջ ապրում. «Չստեղծեցինք մի Սահմանադրություն, որն ամբողջությամբ կիրառելի կլինի կյանքում»:
Եվս մեկ մտահոգություն բարձրացրեց Կիմ Բալայանը. «ով պետք է մոնիթորինգ անի և տեսնի՝ Սահմանադրության որ նորմերն են խախտվում, որ դրա հիման վրա լինի Սահմանադրական դատարան»:
«Այս ֆունկցիան ոչ մի տեղ նշված չէ, նույնիսկ նախագահի բացարձակ լիազորությունները, որոնք սահմանված էին Սահմանադրությամբ, օրենքով վերցնում և տալիս են վարչապետին: Օրենքն այնպես ընդունեցին, որ նույնիսկ ներումը պետք է վարչապետի առաջարկությամբ լինի: Այսինքն մենք չփորձեցինք ի շահ մեր ազգային արժեքների ստեղծել մի Սահմանադրություն, որն ամբողջությամբ կիրառելի կլինի կյանքում»,- հավելեց ՍԴ նախկին անդամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա