Որևէ գործ քննելու հետ կապված մտավախություն չեմ կարող ունենալ. Դավիթ Հարությունյան
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա մամուլում տարածված հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ «Մարտի 1-ից» առաջ 2008 թվականի նախագահական ընտրություններն անցել են ընտրախախտումներով։
«Յուրաքանչյուր հարցի, եթե խոսում ենք իրավաբանի հետ, պետք է տալ իրավական ձևակերպում։ Նմանատիպ վեճերը լուծվում են Սահմանադրական դատարանում, իսկ Սահմանադրական դատարանի ակտերը վերջնական են ընդունման պահից, դրանք չեն վիճարկվում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ հրապարակված հաղորդագրության՝ ժողովուրդը այն ժամանակ զրկվել է իր ընտրությունն ազատ արտահայտելու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ 2008 թվականի փետրվարին կազմակերպվել են երթեր, հավաքներ, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց․ «Ես ոչինչ չունեմ ասելու, որովեհտև ձևակերպումների զգալի մասը իրավական տեսանկյունից գնահատման ենթակա չէ»։
Հստակեցմանը՝ մտավախություն չունի՞, որ ընտրախախտումների վերաբերյալ բացահայտումները կշարունակվեն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Որևէ գործ քննելու հետ կապված ես չեմ կարող ունենալ մտավախություն։ Եթե ընտրախախտումներ եղել են, իհարկե, դրանք պետք է քննվեն։ Ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները բացահայտվեն։ Եթե իմ աշխատանքով գնացել եմ այդ ուղղությամբ, իհարկե, որևէ մտավախություն ունենալ չեմ կարող»։
Իսկ ինչպես է վերաբերում այն կարծիքին, որ ընտրախախտումներ չլինելու դեպքում, ՀՀԿ-ն մեկ տոկոս անգամ չէր հավաքի, Հարությունյանն ընդգծեց՝ քաղաքական այդ հայտարարությանը չի ցանկանում արձագանքել։
Անդրադառնալով ընտրությունների անցկացման ժամկետներին՝ ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, կախված է նրանից, թե ինչ զարգացումներ տեղի կունենան։ Նախկին նախարարն ընդգծեց՝ ճգնաժամային իրավիճակ չի տեսնում և կարծում է, որ պատշաճ ընտրություններ պետք է կազմակերպվեն։
«ՀՀԿ-ի համար սկզբունքային է երկրի զարգացման տեսլականը»,- ամփփոփեց Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ն առաջարկում է փոխել քաղաքացիներին ընտրությունների մասին ծանուցելու կարգը
- Ոչ մի տրամաբանություն չկա իրար խառնել ծանր և թեթև քաշայիններին և ասել՝ բանավիճեք. Դավիթ Հարությունյան
- Այդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է գնալ մեկ նախագծով. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին