Բանկերի կողմից տեսնում ենք բարի կամքի, կառավարության կողմից՝ քաղաքական կամքի դրսևորում. Ատոմ Մարգարյան
Գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացներ: Այսպիսով, այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կառավարության այս որոշումը համարում է բարի կամքի դրսևորում. «Մենք բոլոր բանկերի կողմից տեսնում ենք բարի կամքի դրսևորում, իսկ կառավարության կողմից՝ քաղաքական կամքի դրսևորում»:
«Բանկերը ևս շահագրգռված են, որ տույժ-տուգանքները ներվեն, քանի որ նրանք ազատվում են իրենց ոտքերին կպած մի «կշռաքարից», և արդյունում կկարողանան մեռյալ կետից շարժել իրենց բիզնես ծրագրերը: Իսկ շահառուներն էլ կթարմացնեն իրենց վարկային պատմությունը, զրոյական կետից կսկսեն և վարկային նոր միջոցներ կկարողանան ներգրավվել: Այս որոշումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ»,- ասաց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով ՝ այդ տույժ-տուգանքները հիմնականում գոյացել են ձնագնդի էֆեկտով: Օրինակ, եթե մեկը վարկ է վերցրել է և չի կարողացել այն մարել, հետո ընտանիքի մյուս անդամներն են վարկեր վերցրել և այդքան վարկը չեն կարողացել մարել: «Իրավիճակը սրվել է նաև այն պատճառով, որ այս ընթացքում գույքն է արժեզրկվել՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում: Բանկերի համար շահավետ չէ իրացնել գրավադրված ոչ այնքան լիկվիդային գույքը: Ուստի, այս որոշումը թերևս այս պահի դրությամբ օպտիմալ է»,- ընդգծեց տնտեսագետը:
Նա միաժամանակ նշեց, որ այսուհետ վարկառուները ռիսկերը պետք է ճիշտ գնահատեն, քանի որ մարդիկ վարկը վերցնում են ոչ թե իրատեսական, ռեալ բիզնես ծրագրերի համար, այլ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Ըստ նրա՝ կա նաև ֆինանսական գրագիտության խնդիր, մարդիկ պետք է ճիշտ գնահատեն իրենց ռիսկերը և օգտվեն պրոֆեսիոնալ խորհրդատվությունից: «Այս գործոններն անտեսելու հետևանք է նաև այս իրավիճակը»,- ասաց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ խնդիրը առաջացել է նաև բարձր տոկոսներից: Լավագույն դեպքում գյուղվարկը տրամադրվում է 12-14%-ով, բայց կան նաև բնակլիմայական ռիսկեր, ուստի չափազանց բարդ է այս պայմաններում եկամուտով դուրս գալ և դրա հաշվին վարկը մարել:
«Այս իմաստով մեր ագրարային սեկտորը արդյունավետության լուրջ խնդիր ունի: Այսինքն՝ այս խնդիրը ոչ միան բանկ-հաճախորդ հարաբերությունների դաշտում է, այլ նաև գյուղատնտեսության ոլորտի նկատմամաբ կիրառվող քաղաքականության: Այս խնդիրներին պետք է համալիր լուծում տալ»,- ընդգծեց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիական, սպառողական վարկերի տույժերի և տուգանքների զիջման հետ կապված գործուն քայլեր կիրականացվեն
- Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները