Ցուցարարները պնդում են իբր Աստվածամուխ Գեղարդը կտրվել ու վաճառվել է
Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ Դիվանատան տարածքում: Քիչ առաջ այնտեղ այցելեց նաև Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը:
«Ես այստեղ եմ իմ քաղաքում կարգ ու կանոն հաստատելու, ոստիկանների հետ համագործակցելու համար: Այստեղ եմ հարցին հնարավոր լուծում տալու համար, մենք պետք է աշխատենք երկու կողմի հետ էլ հարցին լուծում տալու համար»,-ասաց Դիաննա Գասպարյանը:
Մինչ այդ նախաձեռնության մասնակիցները հայտարարեցին, որ Վեհափառը կտրել ու վաճառել, կամ նվիրել է Գեղարդի մի մասը:
«Կտրված ու ծախված է, պահանջում ենք այն ցույց տալ մեզ, մենք ուզում ենք Գեղարդը տեսնել, իրավունք չունե՞նք, Սրբազան»,-պնդեցին նրանք:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանն ի պատասխան ասաց, որ ամեն տարի նոյեմբերին Աստվածամուխ Գեղարդը դուրս է բերվում Տեր Հիսուսի առաքյալների տոնի կապակցությամբ:
«Պատկերացնո՞ւմ եք, քիչ հետո էլ մի ուրիշ խումբ գա, պահանջի մի ուրիշ մասունք ցույց տալ»,-Գեղարդի ցույց չտալն այսպես հիմնավորեց Տեր Վահրամը:
Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոսն էլ կոչ արեց Գեղարդի հետ կապված մտահոգությունների մասին դիմել իրավապահ մարմիններին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ապա հայտարարեց, որ Գեղարդից մի հատված կտրվել է ու նվիրվել է ռուս քաղաքապետին, չի ծախվել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ սրբություն են թալանում: Եկեղեցու գանձերը մեր պետության սեփականությունն են, դիմում ենք ԱԱԾ-ին, Հայաստանի գանձերը վարի են տվել»,-ասաց ակցիայի նախաձեռնողներից մեկը:
Նշենք, որ Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը: Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ Սուրբ Գեղարդը 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
- Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
- Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ