Զինվորների քվեարկության ժամանակ վերադաս սպայի ներկայությունը տեղամասում պետք է արգելել. Բագրատյան
Մի շարք առաջարկների թվում ԲՀԿ-ն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շարքում առաջարկում է զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը: Այս մասին ԱԺ-ում այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանությնա նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հարց ուղղեց՝ ի՞նչ է նշանակում վերադաս սպա:
«Ո՞ր սպային կարող է ներկա լինել, որին չի կարելի»,-հետաքրքրվեց նա:
Բագրատյանը պարզաբանեց. «Ինչպես գիտեք, զինվորներին ուղեկցում են ընտրության դասակի հրամանատարը, ջոկի հրամանատարը, նայած՝ որտեղ ով է կատարում։ Ուղեցող սպան, որը պետք է ուղեկցի տեղամաս, պայմանական ասած՝ նա չպետք է իրավունք ունենա 100 մետրից ավել մոտենալ տեղամասին»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, թե ցանկացած սպա վերադաս է:
«Ջոկի հրամանատարը, ինչպես նաև դասակի հրամանատարը, հաճախ կարող է լինել նույն զինվորներից մեկը, հիմա ինքը կարո՞ղ է լինել, ինքն էլ է քվեարկող զինվոր: Սպան էլ է քվեարկում, ստացվում է՝ ինքը դուրսը սպասում է, շարքային կազմն է քվեարկում, հետո սպայական կազմն է քվեարկում, ջհանդամ, որ շարքային կազմում կան վերադաս զինվորներ, հա՞։ Հիմա դա խնդի՞ր է, թե՞ ոչ»,-ընդդիմախոսին հարց ուցցեղ նախկին նախարարը
Վիգեն Սարգսյանի համոզմամբ, սպան քվեախցիկի մոտ չի հետևում, թե ինչպես է քվեարկում զինվորը, իսկ եթե հետևելու լինի, դա կարող է անել այլ զինվորի հետ։
ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե վերադաս սպային, այլ վերահսկել ցանկացած անձի: «Որևէ անձ չպետք է վերահսկողության ենթարկի: Կապ չունի՝ դա վստահված անձ է, հանձնաժողովի անդամ, կուսակցության ներկայացուցիչ, թե մեկ այլ անձ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց՝ նշելով, որ պետք է համընդհանուր ձևակերպում տրվի՝ ցանկացած ուղղորդում ընտրական տեղամասում ինչ հետևանքներ կարող է առաջացնել:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է խստացնել տեղամասում ընտրողին օգնելու վերաբերյալ դրույթը
- ԲՀԿ-ն առաջարկում է յուրաքանչյուր մարզից մեկական անդամ ընդգրկել համապետական ցուցակում