Ես ապրում եմ երաժշտությամբ. Նիկոլայ Ցնայդեր
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրը՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, հայկական երաժշտական արվեստի հետ շփվել է Արամ Խաչատրյանի միջոցով, նվագել է նրա գործերից։
Փառատոնի կազմակերպիչներից Panorama.am-ը տեղեկացավ, որ Ցնայդերը Հայաստանում առաջին անգամ է, առաջին անգամ է հանդես եկել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։ Ընդ որում, նրա ելույթը մեծ ջերմությամբ ու բուռն ծափահարություններով է ընդունվել երևանյան հանդիսատեսի կողմից։
Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր Ցնայդերը հայտնի է և որպես վիրտուոզ ջութակահար, և որպես բարձրակարգ դիրիժոր։ Նա 2010 թվականից եղել է Մարիինյան թատրոնի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Ո՞րն է երաժշտի համար ավելի հոգեհարազատ՝ մենակատարի՞, թե՞ դիրիժորի դերը հարցին ի պատասխան Ցնայդերը նշում է, որ իր համար երաժշտությունն ամենասիրելի երևույթն է, և էական չէ, ինքը երաժշտության հետ շփվում է որպես ջութակահար, թե որպես դիրիժոր։
«Իհարկե, նշված երկու դեպքերում գործառույթները տարբեր են։ Երբ դու նվագում ես, դու պատասխանատվություն ունես բոլորի համար, ինչը երբեմն դժվար է, բայց նաև հաճելի, քանի որ ներկայացնում ես երաժշտության քո ընկալումը, հնչյուններն այնպես, ինչպես դու պատկերացնում ես այն։ Բայց իհարկե, երկացանկն այս պարագայում սահմանափակ է։ Երբ որպես դիրիժոր ղեկավարում ես նվագախումբը, երկացանկը քեզ անվերջ հնարավորություններ է տալիս։ Ես հաճույք եմ ստանում տարբեր ֆորմատներում մարդկանց հետ աշխատելուց։ Երբ մենակատար ես, նվագում ես ստեղծագործությունը, երբ դիրիժորական վահանակի մոտ ես, շփվում ես շատ մարդկանց հետ ու հաճույք ստանում, պրոցեսից ձեռք բերում փորձառություն»,- ասում է Ցնայդերը։
«Արմենիա» միջազգային փառատոնի ընթացքում Ցնայդերը ներկայացրել է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։
«Ինձ հետաքրքրում են մեծ վարպետների գործերը, կապ չունի դրանք բարոկկո, դասական, ռոմանտիկ, թե ներկա ժամանակաշրջանի են։ Ինձ հետաքրքրում է այդ գործերի մեջ գտնել բարձր որակը։ Ես երբեք վերջակետ չեմ դնում Բրամսի կոնցերտը կատարելիս։ Գուցե համերգին այն ներկայացնելուց հետո այդ վերջակետը դնում եմ, բայց մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց նորից անդրադառնում եմ։ Ես ապրում եմ երաժշտությամբ և ժամանակակիցների, և դասականների»,- խոստովանում է երաժիշտը։
Ամեն երաժիշտ ունի իր նախընտրելի կոմպոզիտորը, ում գործերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Ցնայդերի համար շատ հոգեհարազատ է Մոցարտը. «Զարմանալի են Մոցարտի՝ մարդկային հոգեվիճակները ամենայն պարզությամբ բացատրելու ունակությունները։ Մոցարտը դա անում է շատ գեղեցիկ։ Առանձնահատուկ են նրա օպերաները։ Ինձ հոգեհարազատ են նաև Բեթհովենը, Մալերը, Շտրաուսը, Վագները»։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնը մեկնարկել է «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով
- Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան