Արա Վարդանյանին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար. փաստաբան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։ Նախօրեին նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։
«Կարծում եմ՝ Արա Վարդանյանին առաջին հերթին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար, օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկը չկար։ Կարող եմ միայն դրական արձանագրել այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության դեմ չառարկեց։ Կարծում եմ, որ սա շատ ճիշտ պրակտիկա է»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս դատարանը բավարարեց միջնորդությունը, ասաց Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշեց, որ Արա Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Թեև, իրոք, ինքը քարտից այդ փոխացումները կատարել է, հետո կանխիկ վերադարձրել է գումարը, բայց դրանքիր ղեկավարած կազմակերպության շահերին հակառակ գործողություններ չեն, դրանով վնաս չի տվել ընկերությանը։ Բնականաբար, դա էլ ակնհայտ է։ Սա է պատճառը, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստական հանգամանքներն ինքն ընդունում է, մնացածն իրավական գնահատականի խնդիր է»,- ասաց փաստաբանը։
Ե.Վարոսյանի խոսքով, այս փուլում կարող են արձանագրել այն, որ շատ լավ է, որ Ա. Վարդանյանն ազատության մեջ է, ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց նրա նկատմամբ, ուստիև քննչական մարմինը կարող է հանգիստ, օբյեկտվ իր քննությունն իրականացնել, պարզել բոլոր հանգամանքները։
Հարցին՝ արդյո՞ք Արա Վարդանյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ իր հետ կատարվածի վերաբերյալ, Ե. Վարոսյանն ասաց. «Դեռևս ոչ։ Կարծում եմ, թե մենք, թե մեր պաշտպանյալը պետք է փորձենք այնպես անել, որ նախաքննությանը որևէ կերպ չխանգարենք, որովհետև որևէ նպատակ չկա խանգարելու, թող հանգիստ քննեն, պարզեն ինչ-որ պետք է պարզեն»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիմնադրամում չկա և չի եղել ոչ մի լումայի պակասորդ»:
Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 3-ին։
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր. «Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել
- Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան