Պետնախարար. Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ու Արցախն ունեն չօգտագործված մեծ ներուժ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում:
«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: