Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ
«Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Արցախի ներկայացուցիչների փոխարեն բանակցել, Արցախյան հիմնախնդիրը և Նախիջևանի հարցը նոր փուլ են մտել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Ես, որ երկար տարիներ շարունակ զբաղվում եմ այս հարցով, անորոշության մեջ եմ հայտնվել այն իմաստով, որ հայտարարությունից պարզ չէ, թե ինչ իմաստով են մեր իշխանությունները մտնելու բանակցային գործընթաց: Եթե խնդիրը դրված է այսպես, եթե նոր իշխանություններն ասում են, որ չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի փոխարեն, նշանակում է, որ բանակցություններին Հայաստանն ինքն իրեն է ներկայացնելու։ Բայց այստեղ էլ այն վտանգը կա, որ Հայաստանը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ, մի բան, որը հենց Բաքվի նպատակն է: Նախորդ իշխանություններն ասում էին, որ բանակցությունների սեղանի շուրջ նստում են Արցախի փոխարեն»,-նշեց քաղաքագետը։
Բանախոսի պնդմամբ, բանաձևերը, որոնցով նոր իշխանություննրը մտնում են գործընթացների մեջ, պետք է յոթ անգամ չափվեն, մեկ՝ կտրվեն, քանի որ հակառակորդների կողմից դրանք արող են օգտագործվել բոլորովին այլ իմաստներով։
«Կասեն, որ եթե Հայաստանը նստում է Մինսկի խմբի հովանու տակ կազմակերպված բանակցությունների սեղանի շուրջ և ինքն իրեն է ներկայացնում, ապա դառնում է հակամարտության կողմ։ Այլ բան է, եթե ինքը չներկայանա և ասի, որ Ղարաբաղյան հակամարտության անմիջական կողմը, միակ կողմը Արցախն է, նրա հետ էլ խոսեք։ Բաքուն վերջին լարումներով փորձում է ՀՀ իշխանություններին ստիպել, որ իրենք հենց իրենց անունով նստեն բանակցությունների շուրջ, իսկ ինքը շարունակի չխոսել Արցախի հետ: Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական կողմն է:
Պետք է բանաձևերը լավ մշակվեն՝ արդյոք մենք ներկայանո՞ւմ ենք հակամարտության կողմ, թե չենք ներկայանում, և եթե ներկայանում ենք, ապա ինչ հարցերով ենք ներկայանում։ Պետք մտածել՝ ինչպես պետք է նույն սեղանի շուրջ բարձրացվի նաև Նախիջևանի հարցը»,- շեշտեց Ալեքսանդր Մանասյանը։
Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ Արցախյան հարցի շուրջ ՀՀ երեք նախագահների ձևակերպումներն իրենց մեջ միշտ էլ դրական լիցք են պարունակել և դրանք կարելի էր հօգուտ մեզ մեկնաբանել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան