Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»
Հուլիսի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն:
Թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:
Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապնից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն:
Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Թեմից նշում են, որ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները: