Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրեց Աստվածամուխ սուրբ Գեղարդը։
Նա տեղեկացրեց, որ 18-րդ դարի 60-ական թվականից սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռում Ամենայն Հայոց հայրապետների հատուկ հսկողության ներքո։ Տեր Ասողիկը պատմեց, որ Գեղարդի վրա երկու սուրգուչե կնիքներ կան, դրոշմվել են սուրբ Գեղարդին Դավիթ Հինգերորդ և Դանիել Առաջին կաթողիկոսների կողմից (19-րդ դար), որպեսզի բուն Գեղարդը կարողանան տարբերակել կրկնօրինակից, որը պատրաստվել է 18-րդ դարի ընթացքում զուտ ապահովության համար։
Տեր Ասողիկն ասաց, որ շուտով կնքվելու է ներկայիս Վեհափառ Հայրապետի կնիքով։
Նա ասաց, որ Սուրբ Գեղարդը հատուկ պահոցից հատուկ կարգով դուրս է բերվում Մյուռոնօրհնության առիթով, և արդեն չորս տարի է Վեհափառ Հայրապետի հատուկ տնօրինությամբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել Հայոց առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղեմիոսի հիշատակի օրը։
«Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնեց նա։
Տեր Ասողիկը տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի բացառիկ տնօրինությամբ վաղը ժամը 11։00-ին Մայր Տաճարում զետեղվելու է սուրբ Գեղարդը, որպեսզի հավատացյալներն այցելեն և հպվեն՝ սուրբ Գեղարդի զորությամբ զորեղանալու։
Հիշեցնենք, որ այսօր Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները մտել էին Դիվանատան տարածքում, նրանք հայտարարել էին, որ Վեհափառը կտրել ու վաճառել, կամ նվիրել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի մի մասը:
Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը: Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ Սուրբ Գեղարդը 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
- Ցուցարարները պնդում են իբր Աստվածամուխ Գեղարդը կտրվել ու վաճառվել է
- Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
- Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան