ԲՀԿ-ն առաջարկում է յուրաքանչյուր մարզից մեկական անդամ ընդգրկել համապետական ցուցակում
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են 100 տոկոսանոց համամասնական փակ ընտրակարգ՝ յուրաքանչյուր մարզից մեկական անդամ համապետական ցուցակում ընդգրկելով:
Նրա խոսքով, արդարացի է, որ մարզերից պատգամավորների թեկնածություն առաջադրելիս գործի քվոտավորման կարգը։ Ամենամեծ բնակչությամբ Արմավիրի մարզից, օրինակ, կարելի է առաջադրել թվով երկու պատգամավորի թեկնածու, մինչդեռ, օրինակ, փոքրաթիվ բնակչությամբ Վայոց ձորից՝ մեկ թեկնածու։
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերը մնում են:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց. «Իսկապես մտահոգություն է, բայց նման սկզբունքը ընդգրկել ենք՝ հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի մտահոգությունը, որ մարզերից ներկայացվածությունն ապահովվի»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հավելեց, որ եթե խնդիրը դիտարկվում է բնակչության թվաքանակի տեսանկյունից, ապա ինքը չի կարծում, որ այդ թիվը պետք է չափորոշիչ հանդիսանա առաջնահերթություն որոշելու համար։
«Մարզերին անպայման քվոտա տրամադրելով՝ քաղաքական ուժերին մտցնում ենք արհեստական պարտադրանքի դաշտ։ Ստացվում է, որ մեծ թվով բնակչություն ունեցող մարզերն առավելություն են ունենալու, մինչդեռ փոքրաթիվ բնակչությամբ Վայոց ձորը, Կոտայքն ու Արագածոտնը չեն կարողանալու ներկայացված լինել ԱԺ-ում»,- ասաց նա։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան էլ առաջարկեց ուշադրություն դարձնել տարածքային ցուցակներին։ «Տեղի ժողովուրդը պետք է որոշի՝ ովքեր պետք է իրեն ներկայացնեն։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Հնարավոր է՝ թեկնածուն Լոռու մարզում ավելի ուժեղ է, քան Արմավիրում։ Լոռիում նա շատ ձայն կստանա, Արմավիրում չի ստանա, բայց այս սկզբունքով, որ մեծ թվով բնակչություն ունեցող մարզի ներկայացուցիչն է մանդատ ստանում, Արմավիրի անդեմ ներկայացուցիչները կարող են ընտրվել»,- ասաց նա։
Դավիթ Հարությունյանը նշեց, թե այս քննարկման շուրջ պետք է պայմանավորվեն և առաձին նիստ հրավիրեն։
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ կարծիք հայտնեց, որ քննարկումների ընթացքից իրենց համար պարզ է դառնում՝ ամենից լավ առաջարկն իրենցն է՝ 100 տոկոս համամասնական բաց ցուցակներ: «Դեմոկրատիան լավ չի, բայց դրանից լավ բան ոչ ոք չի հորինել, ըստ ժողովրդի ցանկության է որոշվում Աժ-ն։
«Մեր առաջարկությունը՝ բաց ցուցակի, լավագույն ճանապարհն է, մի ծայրահեղությունից մյուսի մեջ չընկնենք, ժողովրդի կոնկերտ քվեարկությամբ մարդը որոշում է, որ ՀՅԴ-ից կոնկրետ ուզում եմ ընտրել այս մարդկանց: Հիմա մենք եկել բռնանում ենք, պահանջում ենք ժողովրդին, որ իր որոշումը չկայացնի: Ինչի՞ պետք է անձը քիչ ձայնով մանդատ ստանա»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փակ ցուցակները հանգեցնելու են «մարդ-կուսակցություն» հասկացությանը. Դավիթ Հարությունյան
- Մարզերից պատգամավորների առկայությունը ԱԺ-ում չի նպաստել մարզերի զարգացմանը. Սպարտակ Սեյրանյան
- Որևէ գործ քննելու հետ կապված մտավախություն չեմ կարող ունենալ. Դավիթ Հարությունյան
- «Ելք»-ն առաջարկում է փոխել քաղաքացիներին ընտրությունների մասին ծանուցելու կարգը
- Ոչ մի տրամաբանություն չկա իրար խառնել ծանր և թեթև քաշայիններին և ասել՝ բանավիճեք. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան