ԵԿՄ համագումարը տեղի կունենա սեպտեմբեր ամսին. Համլետ Հայրապետյան
«Աշտարակի ձորում երկրապահների՝ օրեր առաջ տեղի ունեցած հավաքն ինքնաբուխ էր, ներկա էր ԵԿՄ ողջ ընտանիքը: Բոլորը կողմ արտահայտվեցին Արամ Զավենի Սարգսյանի՝ ԵԿՄ վարչության նախագահի թեկնածությանը: Նա իր հերթին շնորհակալություն հայտնեց երկրապահներին, ասաց, որ ուրախ կլինի գալ ԵԿՄ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ հավելելով, որ ԵԿՄ համագումարն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբեր ամսին:
Նրա խոսքով, մինչ այդ կստեղծվի նախաձեռնող խումբ, բոլոր ցանկացող երկապահները կարող են ընդգրկվել խմբի կազմում:
Ազատամարտիկը նաև տեղեկացրեցը՝ ԵԿՄ ցանկացած անդամ կարող է ինքնառաջադրվել:
Լրագրողները ԵԿՄ փոխնախագահից հետաքրքրվեցին՝ ինչպես կմեկնաբանի ազտամարտիկ Արա Խուդավերդյանի՝ Կոռնիձորցի Արոյի այն հայտարարությունը, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, կառույցն օգտագործելու է քաղաքական նպատակներով:
«Երկրապահ ցանկացած անդամ կարող է լինել որևէ կուսակցության անդամ, նա ազատ է իր գործողություններում: Արամ Սարգսյանն ասաց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց լինի, և այդպես էլ լինելու է»,- համոզմունք հայտենց ԵԿՄ վարչության փոխնախագահը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Համլետ Հայրապետյանը շեշտեց՝ եթե որևէ մեկը համարում է, որ լինելու են գաղափարի ընտրություններ, չարաչար սխալվում է:
«Առաջիկա ընտրությունները լինելու են կերպարի ընտրություն: Կերպարը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանն իր հերթին նկատեց, որ Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել են բազմաթիվ երկրապահներ:
«Նա հանդես եկավ ելույթով, թե ինչ խնդիրներ է լուծել: Բոլորը միահամուռ իրենց զորակցությունը հայտնեցին Արամ Սարգսյանին: Համագումարը պետք է ընտրի վարչութան նախագահ: Շատերն են ուզում այդ պաշտոնում նշանակվել, սակայն եկրապահ կառույցներում չկա մեկը, որ Արամ Սարգսյանին համախոհ չլինի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությունը ազատամարտիկները չեն ընդունել
- «Ժամանակ». ԵԿՄ-ականները համերաշխ են առանց Մանվել Գրիգորյանի
- ԵԿՄ նախագահ լինելու հայտ չեմ ներկայացրել. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան