Ի պաշտոնե, իրավունք չունեմ իմ որդու համար ավելի շատ հոգ տանել, քան՝ մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան
«Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի երեխա չի ծառայել, համեայնդեպս, հիմա մենք այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, այս պահին չեմ ուզում պաշտոնապես որևէ պնդում անել»,- այս մասին այսօր Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի որդու բանակ զորակոչվելը բացառիկ է, քանի որ նախկինում պաշտոնյաների երեխաները չէին ծառայում բանակում:
Նշենք, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր մեկնում է զինվորական ծառայության: Նա լրագրողներին ասել է, որ իր դիմումի համաձայն կծառայի Արցախում: Այդ որոշումը, ըստ նրա, դեռ փոքր տարիքից է կայացրել:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հպարտությամբ է որդուն բանակ ճանապարհում. «Հպարտության զգացողություն ունեմ»:
Լրագրողի հարցին, թե որպես հայր, որպես վարչապետ, մտահոգություն չունի, որ որդին ինքնակամ որոշել է ծառայության մեկնել Արցախ, վարչապետը պատասախանեց. «Ոչ ավելի, քան՝ մեր բանակի մյուս զինվորների համար ունեցած մտահոգությունը: Կարծում եմ, որ ես, ի պաշտոնե, իրավունք չունեմ իմ որդու համար ավելի շատ հոգ տանել, քան՝ մյուս զինվորների»:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի օր հետո էլ իր որդին է զորակոչվելու բանակ։
Սակայն նախարարը լրագրողներին հորդորել է, որ նրանց ուշադրության կենտրոնում չպետք է լինի միայն վարչապետի տղան. «Շատ լավ է, շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելը ճիշտ չէ, ամեն ինչում կա չափ»։
Պաշտպանության նախարարը նշել էր, որ այսպիսի ուշադրություն իր որդու նկատմամբ չի լինելու. «Ես դա թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու»:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր ղեկավարման օրոք պաշտոնյաների տղաները չեն խուսափի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը նշել էր. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի»։
Նա նաև ասել էր, որ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, այժմ ուսումնասիրում են նրանց գործերը. «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության իրավունքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում