Կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանիի հետ հանդիպմանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը:
«Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր: