Աշոտյանին զարմացրել է Փաշինյանի որոշումը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սպասված և ուշացած է համարում Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետի ստորագրած որոշումը:
«Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին: Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը»,-նշել է Հանրապետական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:
Նա կարևորում է այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:
Սակայն Արմեն Աշոտյանին զարմացրել է հանձնաժողովի կազմը. «Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում»:
Պատգամավորը հիշեցնում է, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝
1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում
2.Խորհրդարանական վերահսկողություն
3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում
4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում:
5. Հանրային իրազեկում
6. Հասարակության ներգրավում:
«Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում»,-նշում է Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում