Լիբանանցի ձեռնարկատերը հետաքրքրված է Արցախի ներդրումային միջավայրով
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին, ողջունել նրա այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։
ԱՀ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։