Լարսի անցակետում կուտակումները նվազել են. փոխնախարար
Այս պահին Լարսի անցակետի ռուսական հատվածում տրանսպորտային միջոցների կուտակումները նվազել են, իսկ վրացական կողմում՝ գրեթե հերթ չկա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Փոխնախարարի խոսքով՝ եթե նախորդ օրերին ռուսական հատվածում հերթի երկարությունը հասնում էր 6-7 կմ-ի, երեկվա դրությամբ այն կազմել է 3,5 կմ: Կուտակումները, ըստ Արմեն Փամբուխչյանի, պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի աճով:
«Այս պահի դրությամբ ամեն ինչ հարթ է, որևէ ահազանգ չունենք` կապված բեռների տեղափոխման կամ սնունդի փչացման հետ: Խնդիրը տեխնիկական էր: Հերթում գտնվող քաղաքացիները գնում են Վրաստան հանգստանալու, ռուսական իշխանությունները մեզ ասում են, որ հերթը կապված է միմիայն տուրիստական սեզոնի հետ, այլ խնդիր չկա»,- նշեց փոխնախարարը:
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն: