Սուրբ Գեղարդի շուրջ կասկածներ սերմանողները պատմական հիմքերին անտեղյակ են. Տեր Ասողիկ քահանա
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի հետ կապված այն ինչ լսեցինք այս օրերին, դրանք ուղղակի զավեշտալի ու անհիմն են, իսկ կրոնական առումով՝ նույնիսկ դատապարտելի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ մասունքների, սրբությունների հանդեպ նման հանդգնությունը, կասկածների սերմանումը պարզապես սրբապղծություն է, մանավանդ այն անձանց կողմից, որոնք Գեղարդին երբեք չեն առնչվել, անտեղյակ են պատմական այն փաստաթղթերին, վկայություններին, որոնք կան հրապարակում:
«Ցավալին այն է, որ անտեղյակ անձանց կողմից տարածած սուտը և կեղծիքը մոլորության մեջ են գցում մեր հավատացյալներին: Պատմական փաստերը, տեղեկությունները հայտնի են, կան հրապարակված հոդվածներ, կան գիտական հրապարակումներ, մենք թաքցնելու ոչինչ չունենք, Հայոց եկեղեցին ունի մեկ բուն գեղարդ, և 18-րդ դարի վերջին պատրաստված կրկնօրինակը, որը պատրաստվել է այդ բուն օրինակն այդ ժամանակաշրջանում զուտ հափշտակությունից զերծ պահելու համար, այն օրհնվել է, օծվել և դարձել հավատքի նվիրական առարկա: Ես լսեցի, որ ասում են, իբրև թե, Գեղարդի վրա առկա է չորս կնիք, միանշանակ դա սուտ է, Գեղարդի վրա ի սկզբանե եղել է երկու կնիք և դրանց մասին է վկայում 1800-ականներին պատրաստված փաստաթուղթը», - ասաց Տեր Ասողիկ քահանան:
Լրագրողների հարցին, թե ինչու՞ հիմա եղան Գեղարդի թեմայով շահարկումներ, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրենը պատասխանեց. «Հավանաբար, նրանք մտածեցին, եթե Գեղարդի շուրջ նման կասկածներ սերմանեն, իրենց անհիմն պահանջը ևս առավել կարդարանա: Սակայն այդպիսի կասկածներ սերմանողները պատմական հիմքերին անտեղյակ են»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ երկու գեղարդները միասին չներկայացվեցին ժողովրդին՝ կասկածները վերացնելու համար, նա պատասխանեց. «Իմաստ չկա երկուսը միասին ներկայացնելու, բուն գեղարդը ներկայացվել է, իսկ կրկնօրինակի նկարները սփռված են համացանցում՝ տարբեր ցուցահանդեսներ տարված կատալոգների մեջ: Ցանկացողը կարող է գալ Մայր աթոռ սուրբ Էջմիածին և տեսնել այն: Տարբեր առիթներով արդեն 4 տարի է Գեղարդը դուրս է բերվում, նկարահանվում է և ներկայացվում է հանրությանը: Եվ ամենակարևորը, կան արխիվային հիմքեր, պարզապես պետք է խորամուխ լինել այդ հիմքերի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
- «Թաւշեայ փայտիկով ընդմի՛շտ հեռացուցէք մեր եկեղեցին տկարացնել փորձող միջամտութիւնները». Բաց նամակ վարչապետին
- Հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
- Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
- Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են