ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովում կներգրավվի նաև Արմեն Աշոտյանը. Եղոյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ անհանգստություն էր հայտնել, որ ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում խորհրդարանից ներգրավված որևէ անձ չկա։
Աշոտյանը միաժամանակ հույս էր հայտնել, որ ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է՝ հավելելով, որ եթե այդպես է, ապա դա շտկելի հարց է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում։
Պարզելու՝ կատարվածը նոր կառավարության հստակ գործելաո՞ճն է, թե անուշադրության հետևանք, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հետ։
Վերջինս մեզ տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանձնաժողովում ԱԺ-ից ևս ներկայացուցիչ ընդգրկվի։
Հետաքրքրվեցինք՝ հստակեցվա՞ծ է, թե ով է լինելու այդ ներկայացուցիչը։
«Ինձ թվում է՝ լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովից։ Կարծում եմ՝ կլինի հենց Արմեն Աշոտյանը։ Սկզբունք այն է, որ ԱԺ-ից ևս ներկայացուցիչ լինի, ներկայացուցիչների քանակն էական չէ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում