Ազգությամբ հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացի երիտասարդները չեն կարող ծառայել ՀՀ զինված ուժերում. փոխնախարար
Ազգությամբ հայ, բայց ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող ծառայել ՀՀ զինված ուժերում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով. «Այսինքն՝ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել, օրենքով դա արգելվում է»:
Իսկ եթե ազգությամբ հայերը, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել, ապա, ըստ Գաբրիել Բալայանի, նրանք առաջին հերթին պետք է ընդունեն ՀՀ քաղաքացիություն, դրանից հետո պետք է անցնեն բոլոր այն փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: «Այդ պարագայում, համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու համար: