Պատրա՞ստ եք ընտրակարգի շուրջ քննարկմանը մասնակցել, թե դա ձեզ համար փակված թեմա է. Ռուստամյանը` կառավարությանը
ԸՕ բարեփոխումների թեմայով այսօր ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ընտրակարգի հարցով պետք է առանձին քննարկում հրավիրել: Նա հարց ուղղեց քննարկմանը ներկա կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին՝պատրա՞ստ է կառավարությունն առանձին քննարկման մասնակցել, թե դա փակված թեմա է։
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց՝ տեսականորեն չի բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լսեն, որ իրենց դիրքորոշումը փոխվի:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ դա քաղաքական հարց է:
«Մասնագիտական առումով` Վենետիկի հանձնաժողովից սկսած, վերջացրած բոլոր փորձագետներով, բոլորն ասում են` չկա իդեալական համակարգ, սա քաղաքական հարց է, և դրա համար ես առաջարկում եմ, որ դա հենց լինի քաղաքական ուժերի քննարկման առարկան և ձգտումը հասնել կոնսենսուսի քաղաքական ուժերի միջև: Ուրախ կլինեմ, որ մասնագետները մասնակցեն այդ նիստին և ներկայացնեն իրենց գնահատականը»,- ասաց նա։
Իոաննիսյանը հակադարձեց վերջինիս՝ նշելով, որ այս կամ այն ընտրակարգի ազդեցությունը ընտրությունների որակի վրա նաև դիտորդական առաքելությունների կողմից է գնահատված, և այս առումով դա դառնում է մասնագիտական:
«Այո, դա առաջին հերթին քաղաքական հարց է և ամրագրված է կառավարության ծրագրում, որին հավանություն է տվել ԱԺ-ն»,- ընդգծեց կառավարության ներկայացուցիչը։
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ԵՄ տարածքում ամենաընդունված մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովն է, որը 2015 թվականին լուրջ աշխատանք է կատարել:
«61 երկիր է ուսումնասիրել, և 61 երկրի պատկերը հետևյալն է` միայն մի քանի երկիր կան, որոնց թվում` Ադրբեջան և Բելառուս, որ ունեն մեծամասնական ընտրակարգ, մյուս 56 երկրներում համամասնական է, 31 երկրում բաց ցանկեր են, 25-ում` փակ: Այստեղ մասնագիտականը ո՞րն է: Ճիշտ է ասում պարոն Հարությունյանը` սա քաղաքական հարց է: Չի նշանակում, որ այդ 31 երկիրը սխալ մասնագիտական եզրակացությունների հիման վրա են գրել իրենց օրենսգրքերը: Սովորական համամասնական ընտրակարգ հասկացություն չկա, կա այն, ինչ որ կա»,- ասաց նա:
Իոաննիսյանն էլ նշեց, թե մասնագիտական կարծիքի հիմքում ընկնում են այդ երկրներում ստեղծված իրավիճակը և այլ հանգամանքներ:
Հարակից հրապարակումներ`
- ID քարտերի հետ կապված բավական լուրջ խնդիր կա. Դանիել Իոաննիսյան
- Դեռևս այն փուլում չենք, որ նպատակահարար լինի նվազեցնել անցողիկության շեմը. Դավիթ Հարությունյան
- Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին