Ոստիկանությունը Մայր Աթոռից հեռացրել է ակցիայի մասնակիցիներին
Ոստիկանությունն այսօր առավոտյան Մայր Աթոռի տարածքից հեռացրել է Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարներին:
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչը պատճառ դարձավ, որ ոստիկանությունը քայլեր ձեռնարկեց: Դեռ երեկ ոստիկանությունից մեզ ասացին, որ ցուցարարներին կհեռացնեն, երբ կոպտորեն խախտվի հասարակական կարգը և անհամաչափորեն կսահմանափակվի մեր այլ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:
«Օրերս ևˊ հոգևորականներից, ևˊ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»,-Panorama.am-ին ասացին ոստիկանությունից:
«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնությունը ոստիկանության գործողությունները որակել է որպես բռնի ուժի կիրառում:
«Այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը, ուստի Մայր Աթոռի տարածքից նախաձեռնության անդամներին հեռացնելն ուներ իր նպատակը: Այն է. հեռու պահել շարժման մասնակիցներին, հեռացնել նրանց Մայր Աթոռի տարածքից, որպեսզի Հայր Կորյունին կարգալույծ անելուց հետո չնայեն վերջինիս աչքերին, քանի որ ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին