1,5 ամսվա ընթացքում միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերականգնվել է 22,6 մլրդ դրամ. Փաշինյան
Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքար: Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ: Խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մամուլում կան հրապարակումներ, որ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և այդտեղ, ըստ նրա, ոչ մի տարօրինակ բան չկա:
Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին խնդրեց ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ այս պահի դրությամբ պետական բյուջեում 20 մլրդ դրամից միայն 800 մլն դրամն է ներառված:
Դավիթ Անանյանն ասաց, որ նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում:
«Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ դրամն առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է»,-ասաց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ վերականգնումը դեռևս չի նշանակում անմիջական մուտք պետբյուջե, այլ նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե:
Վարչապետը նշեց, որ այսինքն՝ ընկերության ներկայացուցիչներն այդ գումարը մուտք են արել իրենց ընկերության հաշիվ, որը կալանքի տակ է, գտնվում է ԱԱԾ-ի հսկողության ներքո և այդ գումարը չի կարող որևէ տեղ կորել:
«Ստուգումներից հետո այդ գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու 20 մլրդ դրամը որևէ տեղ չի կարող կորել: Դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, և չի վերաբերում կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը, որոնք իրենց ծավալներով չափազանց մեծ են: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ամեն օրվա հետ ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին: Կարևոր է, որ այս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և ավելի լավ արդյունքներ կունենան: