Դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտ. նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «Ոսկան Երևանցի», «Լույս», «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ hանդիպմանը քննարկել է դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և արդյունավետ համագործակցության հնարավորությունները:
Արայիկ Հարությունյանը հրատարակչությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության և որակի բարելավման հետ կապված, քանի որ, ըստ նախարարի, հանրության շրջանում առկա է օբյեկտիվ դժգոհություն, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտը և բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում:
Հրատարակիչները որոշակի դիտարկումներ են ներկայացրել դասագրքերի վերահրատարակման պարբերականության վերանայման, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության, համապատասխան փորձագետների առկայության և այլ հարցերի շուրջ:
ԿԳՆ-ից հիշեցնում են, որ տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- «Դպրոցական դասագրքերը վերանայելու կարիք կա». քննարկում
- Մենք ունենք դեպքեր, երբ ծնողներն ամաչում են անվճար դասագրքերի հարցը բաձրացնել. Թաթոյան
- Պետք է սահմանել անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ ՄԻՊ
- Դպրոցական դասագրքերի վերաբերյալ ՄԻՊ դիմումը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 20-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան