Տուգանքներից ազատվելու համաներումը կտարածվի շուրջ 150 հազար անձանց վրա. Զեյնալյան
Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագծով առաջարկվում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Այս մասին ԱԺ արտահերթի նիստում օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խոսքը ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների մասին է։
«Սույն օրինագիծը կարգավորում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները։ Նախատեսվել են համաներման կիրառման շրջանակները, վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումնների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից՝ բացառությամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ։
Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք»,- ներկայացրեց Զեյնալյանը:
Նախարարը թվարկեց այն իրավախախտումները, որոնց դեպքում համաներում չի կիրառվի. երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը։
«Մարդիկ, ովքեր 2012թ.-ից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված, չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Ուստի, համաներումը կբարելավի քաղաքացիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը»,- հավելեց Արտակ Զեյնալյանը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախարարից հետաքրքրվեց, թե «ինչքանո՞վ է արդար ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ ստացած անձանց նկատմամբ համաներում կիրառել, երբ մի շարք այլ մարդիկ վճարել են այդ նույն տուգանքները»։
Ի պատասխան նախարարն ասաց. «Սա հավերժ հարց է, որը դուք հնչեցնում եք, սա շատ հին իրավական վեճ է։ Արդյո՞ք համաներում չի կիրառվում հավասարության սկզբունքը։ Տվյալ դեպքում, այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է համապատասխանում է համաներման ժամանակակից չափորոշիչներին, որը սահմանել է Եվրոպայի խորհրդի բանաձևը»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե ո՞ր մասն էր այդ տուգանքների անհուսալի. «Մարդիկ կա՞ն, որ չեն աշխատում, գույք չունեն, չեն կարող վճարել: Չե՞ք կարծում, որ այս ամենն առաջացել է՝ հաշվի առնելով միջին աշխատավարձերի մակարդակը: Տուգանքները աշխատավարձերի համեմատ բարձր են, պետք է արմատապես վերանայել»։
Զեյնալյանը պատասխանեց, որ կառավարությունը վճռական է՝ լրջագույն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, որոշակի սղագրումներ կան, ուսումնասիրում են։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, թե ինչու է ընտրվել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, նախարարը պատասխանեց. «Կառավարությունը ծանրութեթև է արել և գտել է, որ մինչև դեկտեմբերի 31-ը հավասարակշռում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են հասարակական կարգն ապահովելն ու իրավական որոշակիության սկզբունքը»։
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց Հայաստան այցելած օտար համարանիշերով մեքենաների վրա համաներման տարածման հետ կապված։
Արդարադատության նախարարը պատասխանեց, որ իրավահարաբերությունը տարածվում է խախտման պահից՝ անկախ հանգամանքից ծանուցվել է, թե ոչ. «Բոլորի վրա տարածվում է համաներում՝ անկախ ազգությունից, համարանիշերից, անկախ նրանից, թե երբ է ծանուցվել տուգանքի մասին: Եթե տուգանքը գրանցվել է մինչև դեկտեմբերի 31-ը արված խախտման համար, նրա վրա ևս համաներում է տարածվում»։
Հարակից հրապարակումներ`
- Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
- Անհրաժեշտ է վիճակագրություն նայել՝ որ վարորդներն են, որ այդ տուգանքները չեն վճարել. փաստաբան
- ԱՆ. Խախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելուց
- Հանրային քննարկում՝ երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան