«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Սամվել Բաբայանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետև դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով և թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաև հանգամանքը, որ դեռ մինչև վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, և այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը:
Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաև ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել: Երեկ ոմանք հեռուն գնացող հետևություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչև 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետևաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ:
Ինչևէ, Սամվել Բաբայանը մեզ հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, և եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաև քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում