Վարդան Ոսկանյան. Գանձակում, ըստ էության, գործ ունենք շիայական ընդվզման գործողությունների հետ
Գանձակում՝ նախկին Կիրովաբադում արյունալի միջադեպից հետո երկու հոգու՝ Ռաշադ Բյուքիշիևին ու Ֆարուխ Հասիմովին հետախուզում են հայտարարել: Նրանք գանձակի բնակիչներ են, երկուսն էլ 30 տարեկան, առաջինը մեկ անգամ ազատազրկվել է սպանության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրում են, որ հուլիսի 10-ին ծայրահեղական-կրոնական հայացքներ ունեցողների մի խումբ` զինված բութ ու կտրող ծակող գործիքներով հարձակում է գործել հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության երկու փոխգնդապետ է զոհվել:
Ըստ տեղեկատվության, փորձ է արվել խաթարել հասարակական կարգը, «սակայն ձեռնարկված գործողությունների շնորհիվ այնտեղ հիմա կայունություն է»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, Ադրբեջանական Հանրապետության Գանձակ քաղաքում տեղի ունեցած վերջին դեպքերը, երբ, ըստ էության, գործ ունենք տեղային մակարդակում շիայական ընդվզման գործողությունների հետ, ցուցիչ են մի կարևոր հանգամանքի, որի վրա, պատշաճ ուշադրություն չի դարձվում։
«Եթե մինչ այս կարծիք կար, որ Ադրբեջանում ընդդիմադիր շիայականության հիմնական «ամրությունները» գտնվում են այժմ մեծամասամաբ թյուրքախոս դարձած կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնյան ավաններում և երկրի ծայր հարավ-արևելքի թալիշաբնակ շրջաններում, ապա այժմ ակնհայտ է, որ իրանական ծագման և Իրանի կողմից հովանավորվող քաղաքական իսլամը բավական հաջող թափանցել է նաև երկրի հյուսիս-արևմուտք, իսկ այն դավանող տեղական խմբերը ունակ են ճգնաժամային իրավիճակ ստեղծող բողոքի գործողություններ կազմակերպել նույնիսկ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում։
Եթե Ադրբեջանի անկախացումից հետո Թուրքիան սեփական ազդեցությունը տարածելու նպատակով աշխատել է հիմնականում ադրբեջանական քաղաքական, ռազմական և ազգայնական վերնախավերի հետ, ապա Իրանը գրեթե «աննկատ» գործել է բնակչության հասարակ խավերի հետ աշխատելու միջոցով, ինչի արդյունքում Ադրբեջանում ստեղծվել է հակասություններով լի մի այնպիսի իրավիճակ, երբ վերնախավերն ունեն թուրքամետ կամ հակաիրանական, իսկ զանգվածների մի շոշափելի հավատացյալ հատվածն՝ իրանամետ դիրքորոշումներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները