«Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար այս պահին իմ տարիքը չի համապատասխանում». Թեհմինա Վարդանյան
«Երևանի քաղաքապետի թեկնածուի մասով կայացված որևէ որոշում դեռևս չունենք։ Նախ պետք է հասկանալ, որ կա հնարավորություն ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր ընտրություններ։ Դա մոտավորապես կարող է տեղի ունենալ սեպտեմբեր ամսին»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Մենք պետք է քննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք արդյոք առաջադրում կատարել, թե ոչ, նոր միայն որոշենք թեկնածուին։ Երկու դեպքում էլ պատրաստ ենք։ Մենք քննարկումներ այդ առումով դեռևս չենք ունեցել, որովհետև դեռևս առաջին հարցի պատասխանը չունենք, բայց վստահ եմ, որ այդ որոշումը կկարողանանք կայացնել։ Անձամբ ես համարում եմ, որ «Ելք» խմբակցությունում քաղաքապետի ցենզին համապատասխանող յուրաքանչյուր անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել»,- ասաց ավագանու անդամը։
Դավիթ Խաժակյանը վստահություն հայտենց, որ իրենք ավագանիում դեռ շատ անելիքներ ունեն։
Քննարկմանը ներկա, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհիմա Վարդանյանը նշեց, որ թեև մամուլում երկու օր է գրվում է, թե «Ելք»-ի քաղաքապետի հավանական թեկնածուն ինքն է, սակայն ինքը երբեք որևէ հավակնություն այդ պաշտոնի համար չի ունեցել։
«Սա ուղղակի քաղաքացիների որոշակի զանգվածի ցանկությունն է։ Ինձ համար տարօրինակ էր, որ լրատվամիջոցներում նախադասությունը ոչ թե հարցական էր, այլ հաստատական՝ «Թեհմինա Վարդանյանը կլինի Երևանի առաջին կին քաղաքապետը»։ Ոչ բացասական, ոչ դրական արձագանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում, բայց ցավալի է, որ իմ ընկերներից շատերը կեղծ էջերով հարձակում են սկսել։ Ինչ վերաբերում է իմ ու Զարուհի Փոստանջյանի լուսանկարներով օնլայն հարցմանը, ապա դրան չեմ հետևում և չեմ քվեարկել»,- ասաց բանախոսը։
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ հենց իր անունը սկսեց մամուլում շրջանառվել, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց, որ չգիտի, կասկած անգամ չունի՝ ով է սկսել իր անունը շրջանառել։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իր 30 տարեկանը չի լրացել, ինչը պարտադիր պայման է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։
«Այո, այս պահին իմ տարիքը չի համապատասխանում։ Միայն սեպտեմբերի 4-ին 30 տարեկան կդառնամ։ Դա չի նշանակում, որ արտահերթ ընտրության ժամանակ չեմ համապատասխանի»,- ասաց «Ելք» խմբակցության ներկայացուցիչը։
Դավիթ Խաժակյանն էլ հավելեց, որ կին քաղաքական գործիչների թվի ավելացման միտումը շատ դրական է. «Մարդիկ ցանկություն ունեն կին թեկնածուներ տեսնելու և քաղաքականության մեջ առավել մեծ թվով կանանց ներգրավելու»։
Լրագրողները Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀԿ-ում կա՞ն անհատներ, որոնք ընդունելի են «Ելք»-ի համար։ Դավիթ Խաժակյանը բացասական պատասխան հնչեցրեց՝ շեշտելով, որ Հանրապետականը չպետք է առաջադրում կատարի, քանի որ դա հանրության ընկալման տեսանկյունից սխալ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- «Ժողովուրդ». Ո՞ւմ հորդորով է հրաժարական տվել Երևանի քաղաքապետը
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
- «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված