Նախագահը Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միևնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետև հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:
Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաև Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը. Արա Վարդանյան
- Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը