Երևանի քաղաքապետարանն եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը. Ռուբեն Բաբայան
«Չկա լավ և վատ իշխանություն։ Կա վերահսկվող իշխանության և անվերահսկելի, վերահսկվողը լավն է, անվերահսկելին վատն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, եթե նույն կոմունիստները, կամ ՀՀՇ-ն, կամ Հանրապետականը լինեին վերահսկվող, այս վիճակին մենք չէինք հասնի։ Նա ընդգծեց, որ անվերահսկողությունն է, որ բերում է ահավոր հետևանքների։
«Եթե մենք մշտապես ուզենալու ենք ունենալ կառավարություն-հրեշտակներ, չի լինի դա, յուրաքանչյուր հրեշտակ ունի հատկություն՝ շատ արագ աճում են պոզեր, պոչ, սմբակներ»,- ասաց արվեստագետը։
Նա նաև նշեց, որ միայն բացահայտումները բավարար չեն։
«Չեմ կարծում, որ միայն բացահայտումներով կերակրելը, երբ ուրախանում ես, որ ինչ-որ մեկին բռնացրեցին, նստացրեցին, սրա հետ պետք է լինի որոշակի կառուցողական բան՝ ինչ է երկրում կառուցվում, արվում»,- նշեց Ռ. Բաբայանը։
Նա ասաց, որ Երևանի քաղաքապետարանը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը. «Սա գիտեն բոլորը, ովքեր այս կամ այն ձևով շփվել են քաղաքապետարանի հետ, այդ թվում նաև ես»։
Ասուլիսին ներկա բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ Երևանի եղած քաղաքապետերից ում հետ շփվել է, իր համար ամենաընդունելին Տարոն Մարգարյանն է եղել, գոնե ինչ-ինչ հարցեր հնարավոր է եղել լուծել։
«Իհարկե, ես շատ դժգոհ եմ քաղաքի էկոլոգիական իրավիճակից, բայց դա միայն իրենից չի կախված եղել։ Ի վերջո, հավանաբար, մեզ մոտ մի խումբ օլիգարխներն են որոշել ամբողջ երկրի կեցությունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան