Նոր մանրամասներ են պարզվել Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալի մասին
Հուլիսի 10-ին Ստամբուլում կայացել է պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստը։
Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող մի շարք վկաներ։ Որպես վկա հանդես է եկել նաև Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ մեղադրվող և այդ հանցանքի համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին։
Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Յասին Հայալն իրեն ասել է, որ պատրաստվում է սպանել Դինքին։
«2006թ․ հուլիսին սկզբին Յասին Հայալն ասաց, որ սպանելու է Հրանտ Դինքին։ Նա ասաց, որ Դինքը հայկական ծագմամբ լրագրող է, ով թուրքերի մասին չափից շատ է ավելորդ խոսում ու գրում», - պատմել է վկան։
Այդ լուրն ստանալուց հետո Իղջին այդ մասին հաղորդել է հետախուզության աշխատակիցներ Վեյսելին և Օքանին։
«Ես հաղորդում տվեցի այդ մասին, որովհետև Յասինի խոսքը գործ էր։ Ես ուզում էի պաշտպանել Յասինին օգտագործվելուց, քանի որ Տրապիզոնում օղաբլիթ (սիմիթ) վաճառող մեկը նման հանցանք չի կարող ծրագրել ու իրագործել։ Իմ համոզմամբ՝ որոշ մարդիկ Յասինին օգտագործում էին իրենց նպատակին հասնելու համար», - հավելել է Իղջին։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիս 11-ին։
Դատական նիստից առաջ մամուլի հայտարարությամբ հանդես եկած «Դինքի ընկերներ» նախաձեռնության մասնակիցներից Բյուլենթ Այդընը հիշեցրել է, որ Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի շարունակվում է։ 2007թ․ հուլիսի 2-ին սկսված դատական գործով արդեն 85 մեղադրյալ է անցել, որոնցից 24-ը 2017թ․ ընթացքում ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Ստաբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: 2012թ. հունվարի 17-ին հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը Անչափահասների գործերով դատարանի կողմից դատապարտվեց 22 տարի 10 ամսվա ազատազրկման։ Բայց բանտում նա կանցկացնի 10 տարի 8 ամիս՝ քրեակատարողական օրենքով նախատեսված վերապահումների և դատավարության ընթացքում անազատության մեջ անցկացրած 4 տարիների պատճառով։ Իսկ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Դինքի սպանությունից հետո թուրք դերասանուհին ներողություն է խնդրել իր ամերիկահայ ծանոթից
- Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի Հրանտ Դինքի անունով
- Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել
- Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
- Դինքի սպանողներին ազատ արձակելով՝ Թուրքիան շահում է ազգայնականների բարեհաճությունը. թուրքագետ
- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
- Դինքի գործով կասկածյալ. «Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան