Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ
Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։
Ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ: