Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախօրեին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը:
«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էր նախարարը:
Լիլիթ Մակունցի այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց։
«Նույնիսկ ԽՍՀՄ նման պրոպագանդիստական երկրում Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված առաջին ցուցադրությունը եղել է 1921թ-ին: Թավշյա հեղափոխությունը դեռ չի կայացել/ավարտվել, դեռ չեն երևում առաջին լուրջ հաջողությունները նոր իշխանությունների ու արդեն ցուցասրահ :(: Առնվազն սխալ է»,- գրել է օգտատերերից մեկը։
Իսկ ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը գրել է. «Ես դեմ եմ։ Ի՞նչ какой не будь ցուցասրահ։ Միանգամից թանգարա՛նն անվանափոխեք։ «Հայաստանի թավշյա հեղափոխության պատմության թանգարան»։
Հատե տի՛։
Հ.Գ. Հետևե՛ք նման «կադրերին» ու նրանց «մտքի» թռիչքներին։
Ամեն ինչ զավեշտի ու ծիծաղի առարկայի մի՛ վերածեք։ Պահպանե՛ք ու զարգացրե՛ք թավշյա իշխանափոխության ձեռքբերումները, այն վերածեք արդյունքի, այլ ոչ թե շոուի»։
Panorama.am-ը գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանից հետաքրքրվեց, թե Ձեր կարծիքով, արդյո՞ք նման ցուցասրահ ունենալու անհրաժեշտություն կա Պատմության թանգարանում, այն դեպքում, երբ մշտապես ասում են, որ թանգարանը տարածքի խնդիր ունի, թանգարանի ցուցանմուշների քիչ տոկոսն է ցուցադրվում, նա ասաց. «Բնության մեջ գոյություն ունի դեպքերի հաջորդականություն: Նախ պետք է պատմություն կերտել, հետո միայն դառնալ պատմության թանգարանում ցուցադրման կարևորության երևույթ: Տվյալ դեպքում նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում` անկախ այն բանից, թանգարանում տարածքը բավարար է, թե ոչ»:
Հարցին, թե արդյո՞ք այդպես անձի պաշտամունքին չենք «վերադառնում», քանի որ թավշյա հեղափոխությունը կապվում է մասնավորապես մեկ անձի հետ, նա պատասխանեց. «Չեմ կիսում ձեր կարծիքը, թե «թավշյա հեղափոխությունը» մեկ անձի հետ է կապված: Յուրաքանչյուր շարժում ունենում է առաջնորդ, սա ևս բացառություն չէր: Այլ խնդիր է, թե ոմանք ինչպես են ընկալում անհատի դերը քաղաքական խոշոր իրադարձություններում: Բնական է, որ կլինեն գերագնահատողներ, ինչպես որ կլինեն նաև թերագնահատողներ: Սակայն ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Ընդամենը պետք է մի փոքր սպասել»:
Ձեր կարծիքով ի՞նչ նմուշներ են հնարավոր ցուցադրել հարցին ի պատասխան Հ. Չարխչյանն ասաց. «Ես նույնիսկ չեմ էլ փորձի մտածել ցուցադրվելիք նմուշների մասին, որովհետև, ինչպես արդեն ասացի, նման ցուցադրության կազմակերպումը համարում եմ վաղաժամ և ինչ-որ առումով նաև թեթևամիտ արարք: Կգա օրը ու ժողովուրդն ինքը կորոշի` հեղափոխությունը արժանի՞ է իր պատմության լուսավոր էջ համարել, թե՞ ոչ: Իսկ հիմա դեռ պետք է իրագործել այդ հեղափոխությունը ժամանակային ու որակական իմաստներով: Դափնիները բաժանում են վերջում: Թանգարաններում պահում են անցյալը, ոչ թե գալիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան