Առողջապահության նախարարությունից չեն մեկնաբանում Արա Մինասյանին ազատելու լուրը
Առողջապահության նախարարությունից այս պահին չեն մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ «առաջիկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին»:
«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, նման տեղեկատվություն հաղորդել չեմ կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:
Նշենք, որ այսօր նման լուր իր տեղեկություններով հրապարակել է «Հրապարակ» թերթը: Դրան հետևել է ԲԿ-ի անձնակազմի հայտարարությունը, որով պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը։
«Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին»,-ասված է հայտարարության մեջ: