ԳԱԿ-ում բացվելու է հայ ժամանակակից աբստրակտ արվեստին նվիրված ցուցադրություն
Հուլիսի 13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը։
Կենտրոնից տեղեկացնում են, որ ցուցադրության շրջանակներում Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ներկայացվելու են տասնմեկ հայ արվեստագետի շուրջ հիսուն աշխատանք. Ալբերտ Հակոբյան, Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Գևորգ Քասաբյան, Էդիկ Պողոսյան, Լեո Լեո Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Համլետ Հովսեփյան, Մոկո Խաչատրյան, Յուրա Հարությունյան, Վահան Ռումելյան:
«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փորձ է՝ ներկայացնելու այսօր Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը, որը շատ ավելի ընդարձակ է, քան այս ցուցադրության սահմաններն են: Ընտրված տասնմեկ արվեստագետները պատկերավոր կերպով ներկայացնում են՝ որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ թե ձևով, թե գեղագիտությամբ, թե տեխնիկայով:
«Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կամ առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը կամ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար: Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրահատուկ անդրադարձ է կատարվում հայ ժամանակակից աբստրակտ արվեստին»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. հուլիսի 14-ից մինչև սեպտեմբերի 16-ը: Ցուցադրության մուտքն անվճար է: