Հայաստանցի 11 երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը՝ Բեյրութում
Այսօր Բեյրութում՝ Համազգային Լուսի Թութունճեան ցուցասրահում, բացվելու է հայաստանցի 11 երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը։ «11» ցուցահանդեսի կազմակերպիչը Համազգային ցուցասրահն է։
Երիտասարդ արվեստագետների թվում է նաև Պետո Պողոսյանը։ Panorama.am-ը նկարչից տեղեկացավ, որ հրավեր ստացել է Բեյրութի Համազգային ցուցասրահից, մասնակցում է 6 գործով։
«Ամեն մեկն իր հայեցակարգն է ներկայացնում։ Ես իմ քաղաքանկարի թեման եմ ներկայացնում։ Եվ մեկ տեսարան Բուրջ Համուդ հայկական թաղամասից»,- ասաց Պ.Պողոսյանը։
Քաղաքանկարներում Պ.Պողոսյանը ներկայացնում է Երևանը՝ ժամանակակից քաղաքային կյանքն իր ողջ հմայքով ու հակասություններով։
Նա մյուս երիտասարդ նկարիչների հետ չի մեկնել Բեյրութ, ինչի համար ցավում է։
«Նկարիչների հրաշալի թիմ է հավաքվել, կարծում եմ՝ բոլորս մեծ սպասելիքներ ունենք, հատկապես ես, որովհետև առաջին անգամ եմ ցուցադրվելու Բեյրութում»,- Համազգային ցուցասրահի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում նշում է նկարիչը։