Կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:
Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծել նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի, հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։
Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:
Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը լինելու է ծանոթության հանիպում. վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան