Ես զգում էի հայ հանդիսատեսից հորդող էներգիան. Ալան Չիրքոփ
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվել է դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի և Ալան Չիրքոփի ղեկավարությամբ։ Մալթացի հայտնի դիրիժոր Ալան Չիրքոփի գլխավորությամբ տեղի է ունեցել փառատոնային երկու համերգ։ Դիրիժորը նշում է, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, մաս կազմել «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի։
«Երկրորդ փառատոնն է, ու երևում է, թե ինչպես է տարեցտարի երաժշտական այս գեղեցիկ միջոցառումը զարգանում։ Որպես Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար պետք է ասեմ, որ մեր համագործակցությունը Հայաստանի և հատկապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ, շատ սերտ է»,- ասում է դիրիժորը։
Panorama.am-ը փառատոնի կազմակեպիչներից տեղեկացավ, որ սա Ալան Չիրքոփի երկրորդ այցելությունն է Հայաստան, նախորդ անգամ այստեղ եղել է երկու տարի առաջ։ 2016թ. Հայաստանում հանդես է եկել «Նոր անուններ» փառատոնի շրջանակներում։
Ալան Չիրքոփի խոսքով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերջերս ելույթ է ունեցել Մալթայում՝ թողնելով գերազանց տպավորություններ. «Հանդես գալով Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում՝ հայաստանյան նվագախումբը հիանալի ներկայացրեց թե՛ հայկական, թե՛ համաշխարհային երաժշտությունը։ Եվ հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»։
Դիրիժորը նշում է, որ իրեն հաճելի է զգալ հանդիսատեսի էներգիան, թեև մեջքով է կանգնած բեմին։ Հատկապես շեշտում է այն երեկոն, երբ «Արմենիա» փառատոնի շրջանակներում իր ղեկավարությամբ ներկայացվում էր Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան, ինչն, ի դեպ, Հայաստանում կատարվում էր առաջին անգամ։
«Ես ուղղակի զգում էի հանդիսատեսի էներգիան, որ հորդում էր պատմական այդ երկը ներկայացնելիս։ Ձեր հանդիսատեսից շատ խորը զգացումներ եմ ստանում»,- ասում է մաեստրո Չիրքոփը։
Պատասխանելով իրեն հոգեհարազատ կոմպոզիտորի մասին հարցին՝ Ալան Չիրքոփը նշում է, որ չի ցանկանում առանձնացնել որեւէ կոմպոզիտորի, սակայն, այնուամենայնիվ, նկատում է, որ Բեթհովենը մեծագույն վարպետ է։ Ընդ որում, երաժիշտը շեշտում է, որ երբ երիտասարդ ես, կարծում ես, թե շատ բաներ պետք է անես երաժշտության հետ, բայց որքան շատ ես ղեկավարում նվագախումբը, հասկանում ես, որ պետք է գտնես այն փոքր նրբերանգները, որ թաքնված են ստեղծագործության մեջ։
«Երաժշտությունն ինքնին խոսուն է, մանավանդ լավ նվագախմբերի կատարմամբ։ Բայց ես նաև նոր երաժշտության հետևից եմ գնում, նոր երաժշտությունն այնքան էլ շատ բացահայտված չէ։ Ես սիրում եմ միքս անել, խառնել հին ու նոր մեղեդիները։ Պետք է առաջնորդվել ոչ միայն քո սեփական ճաշակով, այլև հաշվի նստել հանրության ակնկալիքների հետ։ Մենք կոչված ենք լավ երաժշտությունը հասարակության հետ կիսելու համար»,- նշում է Ալան Չիրքոփը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-6-ը Երևանում կայացավ «Արմենիա» երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնը մեկնարկել է «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով
- Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական փառատոնը
- Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան