Սամվել Նիկոյան. Մարտի 1-ի հարցերի հետ կապված իմ պատասխանը տասը տարվա ընթացքում չի փոխվել
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը համարում է, որ մարտի 1-ի գործը դատաիրավական համակարգի խնդիրն է:
«Մարտի 1-ի հարցերի հետ կապված իմ պատասխանը տասը տարվա ընթացքում չի փոխվել, ես միշտ կրկնել եմ, հիմա էլ կրկնում եմ, դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է գտնի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չպետք է նրանց հուշեմ»,-ասաց Նիկոյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահին, պաշտպանության նախարար Մ. Հարությունյանին ու այլոց ՀՔԾ կողմից հարցաքննության կանչելուն:
Պատգամավորն առաջանային է համարում այն հարցի պատասխանը, թե ում գործողությունների հետևանքով զոհեր եղան:
«Այսօր կարծես այն երկրորդ պլան է մղվել: Ճշտել, իմանալ, թե ում գործողությունների հետևանքով են զոհեր եղել»,-ասաց Նիկոյանը՝ չբացառելով, որ հիմա հնարավոր է զենքի նույնականացում:
Հանրապետական գործչի խոսքով, բոլորի ցանկությունն է՝ իմանալ, թե ովքեր են մարտի 1-ի մեղավորները:
«Հիմա ձեր ասած խոչընդոտները չկան, հիմա մնում է, որ դատաիրավական համակարգը տա այդ հարցերի պատասխանները: Ես անհամբեր կսպասեմ այդ աշխատանքների ավարտին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը եղել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ևդրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:
Նիկոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան