Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Տուսկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:
«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ասել է Դոնալդ Տուսկը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:
«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը և Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները
- Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին. Փաշինյան
- Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին
- Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը
- Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի. Նիկոլ Փաշինյան
- Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն