Գյուղացին պատրաստ է ծառերին մնացած բերքը տրամադրել բանակին ու մանկատներին
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանի աչքի առաջ մի քանի հարյուր կգ կեռասը ծառերին չիր է դառնում: Նա պատրաստ է բերքը նվիրել մանկատներին, ծերանոցներին ու այլ հաստատություններին: Ինքն ու կինը չեն հասցնի բերքը հավաքել, կամավորներ ու օգնողներ են պետք:
«Թող գան, մեծ սիրով կընդունենք, ես ու կինս էլ կօգնենք: Ափսոս է, օր օրի փչանում է, արևի տակ չիր է դառնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղացին:
Մարգարյանը մեծ այգի ունի, գիլասի մյուս սորտերը լավ արտահանում են, այս մեկը փափուկ է, ճանապարհին չի դիմանա, մթերողներն էլ հրաժարվում են ընդունել: Երևանում էլ, նրա խոսքով, չի վաճառվում, երևի բերքը շատ է, լճացում եղավ:
Այս պահին մոտ տասը ծառ կա, որոնց ճյուղերը բերքի ծանրությունից կախ են ընկել, մոտ 700 կգ գիլաս կա ծառերին:
«Ոչ արտահանման, ոչ մթերման գներից եմ բողոքում: Տանում են: Բայց էդ սորտը ճանապարհին, ասում են, չի դիմանա: Իմ ընկերների, գյուղացիների ծառերին էլ բերք կա, շատերն էլ ուրախ կլինեն տրամադրել բանակին, մանկատանը, ծերանոցին»,-նշում է նա:
Գյուղացին ասում է՝ հիմա այգում աշխատողներ մեծ դժվարությամբ է գտնում: Մեկ կգ գիլաս հավաքելու համար 60 դրամ են ուզում, օրական ստացվում է մոտ 6-7 հազար դրամ, նախկինում աշխատողները շատ էին, օրական էլ 3 հազար դրամ էին ուզում:
«Դրա համար խնդրում եմ, առաջարկում եմ, եթե կան կազմակերպություններ, որ կուզենան օգնեն: Մշակել եմ, ամեն ինչ արել եմ, բերքը ինձանից, հավաքել տանելը՝ իրենցից, թող տանեն թարմ միրգ ուտեն»,-ասում է Մարգարյանը:
Ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Մարգարյանին՝ 094-66-88-70 հեռախոսահամարով: Այն հրապարակվում է քաղաքացու համաձայնությամբ: