Պահպանության ժամկետները լրացած 606 թանգարանային առարկա կա
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունn օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել՝ զգուշացնելով, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաներն անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:
Panorama.am-ը նախարարությունից հետաքրքրվեց, թե ունեն ցուցակ՝ քանի՞ նման առարկա կա, որ չի վերադարձվել թանգարան, հիմնականում ո՞ր թանգարաններից են վերցվել, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրեցին. «Նախարարությունը կարող է տվյալներ հրապարակել միայն ՀՀ մշակույթի նախարարի 2011 թվականի հունիսի 3-ի N 292-Ա հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններից ժամանակավոր պահպանության հանձնված և ժամկետի խախտմամբ չվերադարձված թանգարանային առարկաների վերաբերյալ: Դրանք հիմնականում կերպարվեստի նմուշներ են՝ մեծ մասամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից (ինչպես նաև նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը միացել է պատկերասրահին), «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ից (ֆոնդերը տնօրինում է նախարարությունը): Պահպանության ժամկետները լրացած թանգարանային առարկաները վերադարձնելու վերաբերյալ նախարարությունը գրություններ է ուղարկել տվյալ կազմակերպություններին: Այժմ ընթացքի մեջ է տարբեր կազմակերպություններից (գերատեսչություններ, ընկերություններ, թանգարաններ) վերոնշյալ առարկաների վերադարձի գործընթացը: Ներկայում պահպանության ժամկետները լրացած 606 թանգարանային առարկա կա (թիվը կարող է նվազել յուրաքանչյուր օր):
Ինչ վերաբերում է տարբեր տարիներին անհատների և կազմակերպությունների կողմից օրենքի խախտմամբ թանգարաններից վերցված առարկաների ցանկերին՝ տեղեկացնում ենք, որ այդ ցանկերը գտնվում են իրավապահ մարմինների տիրույթում»:
Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է ստուգվում վերադարձված գործն արդյոք կեղծված չէ, նշեցին, որ վերադարձված թանգարանային առարկաները, վերոնշյալ կարգի պահանջներին համապատասխան, նույնականացվում են, անհրաժեշտության դեպքում՝ կրկին ենթարկվում փորձաքննության: