Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը»
Անգլիայի հյուսիսում հնագետները գտել են առեղծվածային բրոնզե ձեռք։ Գազետա.ռու կայքը, հղում անելով FoxNews-ին, գրում է, որ բրոնզե ձեռքը, որը չափսերով հիշեցնում է երեխայի, հանել են հին հռոմեական Վինդոլանդ ամրոցի պեղումների ժամանակ։
Գիտնականները կարծում են, որ ձեռքը վերաբերում է մոտավորապես մ.թ. 208-212 թթ.։ Հին Հռոմի պատմության մեջ այդ ժամանակաշրջանը հայտնի է բազմաթիվ կոնֆլիկտներով, քաղաքացիական պատերազմներով, ապստամբություններով։
Գտածոն հայտնաբերվել է տաճարի մոտակայքում՝ հռոմեական աստված Յուպիտեր Դոլիհենի պաշտամունքի վայրում։
«Յուպիտեր Դոլիհենի պաշտամունքը «ամենաառեղծվածային» արևելյան պաշտամունքներից է... Ինչ գիտենք մենք, որ պաշտամունքը կապված էր եղանակի և մետաղի մշակման հետ»,- ասել է պեղումների ղեկավարը։
Նախապես բրոնզե ափին լրացուցիչ էլեմենտ է ամրացված եղել։ Ենթադրվում է, որ եղել է կայծակը խորհրդանշող էլեմենտը։ Յուպիտեր Դոլիհենը ավանդավար պատկերվում էր կայծակը ձեռքին՝ ցույց տալով նրա կործանարար ուժը։ Մեկ այլ վարկածի համաձայն, գտնված ձեռքը կարող է խորհրդանշել պաշտպանություն և բարեկեցություն։